ԻՊ գրոհայինները ձևանում են փախստականներ
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը տվյալներ ունի այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հատուկ ուսուցում են անցնում որպես փախստական ներկայանալու և փախստականների ընդհանուր հոսքի միջոցով Եվրոպա հասնելու համար: tass.ru-ի փոխանցմամբ՝ գերմանական Welt am Sonntag պարբերականին հղումով, ԻՊ-ն իր գրոհայիններին սովորեցնում է, թե ինչպես է կարելի աննկատ մնալ փախստականների ամբոխում ու չգրավել իրավապահների ուշադրությունը: Բացի դրանից՝ իսլամիստ ահաբեկիչներին սովորեցնում են, թե նրանք ինչպիսի վարք պետք է դրսևորեն ոստիկանական բաժանմունքում հայտնվելու, ինչպես նաև եվրոպական որևէ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու դեպքերում: Աղբյուրը հավելում է, որ ուղիղ 1 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների արյունալի շարքն իրագործած իսլամիստները Եվրոպա էին հասել հենց այս տարբերակով՝ ձևանալով որպես փախստական:
