Ինչու է ՀԾԿՀ-ն որոշել սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը
«Էլեկտրաէներգիայի սակագինն այդ վերանայման արդյունքում կնվազի: Համաձայն օրենքի՝ մենք սակագները վերանայելու իրավունք ունենք երկու դեպքում: Վերանայում ենք, եթե ունենք հայտ որևէ ընկերությունից կամ, եթե մենք գտնում ենք, որ անհրաժեշտություն կա համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու համար, մեր նախաձեռնությամբ սկսում ենք վերանայել: Եթե հիշում եք, 2014թ. մեր նախաձեռնությամբ սկսեցինք էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում իրականացնել, և մեզ մեղադրում էին, թե ինչո՞ւ եք սկսել, եթե նման հայտ չկա, որովհետև այն ժամանակ գնում էր սակագների բարձրացում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Նազարյանը և հավելեց, որ այս դեպքում ակնհայտ է, որ ջերմային կայաններին վաճառվող գազի գինը սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, բնական է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս պետք է վերանայվի և համարժեք գնահատական տրվի: «Տվյալ պարագայում ակնհայտ է, որ հանձնաժողովը հակված է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը»,- ընդգծեց Նազարյանը: Հարցին, որքանո՞վ կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը, Նազարյանը պատասխանեց. «Ես այս պահին կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև, բացի իմ նշած բաղադրիչից, մենք նաև նոր ֆինանսական տարի ենք սկսում: Այս ընթացքում եղել են նաև որոշակի ներդրումներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Բոլոր ընկերություններին արդեն ուղարկել ենք համապատասխան գրություն, որ սակագինը վերանայելու գործընթաց ենք սկսել և խնդրել ենք իրենց բոլոր խնդիրները ներկայացնեն մեզ, որպեսզի մենք հաշվարկ կատարենք և ճիշտ ազդակ հաղորդենք սակագնին»:
