Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը
Սեուլում հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահ Պակ Կըն Խեի հրաժարականը, ինչը պայմանավորված է այն սկանդալային պատմությամբ, ըստ որի նախագահի մտերիմ ընկերուհին միջամտել է պետական գործերին։ Սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին JTBC հեռուստաալիքի լրագրողները Սեուլի հյուրանոցներից մեկի աղբամանում գտել էին մի պլանշետ, որում հայտնաբերել էին 2012-2014 թթ․ 200 գաղտնի փաստաթուղթ՝ այդ թվում Պակ Կըն Խեի ճառերի 44 սեւագրեր։ Պարզվել է, որ նախագահի ճառերը խմբագրում էր նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլը, որին ընդդիմությունը «գուշակուհի» է անվանում։ Պլանշետում գտել են նաեւ նրա սելֆիները։ Չխվե Սուն Սիլը կալանավորված է, նրան մեղադրանք են առաջադրել խաբեության ու իշխանությունը չարաշահելու համար։
