ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր՝ ֆրանսիացի համանախագահն անցել է գործի
ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։ Նախարարությունից հայտնել են, որ Վիսկոնտին ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ դեկտեմբերին Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Համբուրգում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում պլանավորվում է ՄԽ համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը։ Համանախագահները պլանավորում են կազմակերպել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելը։ Հիշեցնենք, որ Ստեֆան Վիսկոնտին փոխարինում է դեսպան Պիեռ Անդրիոյին։ Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այդ պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:
