ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում չի փոխվել. դեսպան
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է,որ ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է: « Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքներ ենք տանում, ջանքեր ենք գործադրում՝ երկար տարիներ շարունակվող այդ հակամարտությանը լուծման ուղիներ փնտրելու համար: Որպես այդ ջանքերի ապացույց՝ վաղը ամերիկացի համանախագահ Ուորլիքը, ինչպես նաև մյուս միջնորդները, կժամանեն Ադրբեջան: Այցի նպատակն է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը: Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վճռականության հայտարարություններով: Ես այդ հայտարարությունների մասին տեղեկացրել եմ պաշտոնական Վաշինգտոնին»,- ասել է դեսպանը:
