ՄԱԿ. Փախստականների տեսքով Մոսուլից կարող են փախչել զինյալներ
Մոսուլի վրա գրոհի սկսվելուց հետո քաղաքից ավելի քան 900 մարդ է փախել: Այս մասին BBC-ի ռուսական ծառայության թղթակցին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում:
Փախստականները գտնվում են Սիրիայում ստեղծված վրանային ճամբարներում՝ Իրաքի հետ սահմանի մերձակայքում: ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչը նշել է, որ Մոսուլի բնակիչները, ամենայն հավանականությամբ, այնտեղ կգտնվեն մինչև քաղաքում իրադրության կայունանալը:
ՄԱԿ-ում զգուշանում են, որ փախստականների տեսքով Մոսուլից կարող է փախչել զինյալների մի մասը:
Մոսուլի վրա հարձակումն սկսվել է հոկտեմբերի 17-ին: Իրաքյան զորքերն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցայի աջակցությամբ նպատակ ունեն քաղաքն ազատել ԻՊ-ից:
