Թուրքիան կարող է Եվրոպա փոխադրել իրանական գազը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) խոսնակ Մաժիդ Բոուժարզադեհը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է մեծացնել Թուրքիային մատակարարվող գազի ծավալը: Բոուժարզադեհը, որը Ստամբուլում մասնակցում է 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի աշխատանքներին, հայտարարել է, որ Իրանը ներկա դրությամբ Թուրքիային օրական մատակարարում է 30 միլիոն խորանարդ մետր գազ, սակայն Իրանն ունի գազի մեծ պաշարներ և ցանկանում է մեծացնել մատակարարման ծավալը: Նրա խոսքով՝ Իրանը քայլեր է ձեռնարկում հեղուկացված գազ արտադրելու ու վաճառելու ուղղությամբ և Թուրքիային հրավիրել է ներդրումներ կատարել Իրանի այդ ոլորտում: Թուրքական թերթն իրանական կողմի այդ հրավերը որակել է որպես պատմական:
