Ռուսաստանը վախեցնում է
Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս հրաժարվել է Արեւմուտքի հետ գործընկերային հարաբերություններից եւ անցել ագրեսիվ մրցակցության: Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան իր հայտարարության մեջ, ինչպես նշում է ВВС-ն, Մոսկվային անվանել է ագրեսիվ պետություն: «Մենք չափազանց անհանգստացած ենք: Այսօր մենք շատ ավելի ագրեսիվ Ռուսաստան ենք տեսնում: Մենք հույս ունեինք, որ այն կդառնար Արեւմուտքի գործընկերը, սակայն պարզվեց, որ դարձավ մրցակիցը»,- հայտարարել է Ֆալոնը: Վերջինս իր խոսքում հիշատակել է Ռուսաստանի մանեւրերը Սեւ ծովում, Ղրիմի անեքսիան եւ ռազմակալումը, Բալթյան երկրների վրա գործադրած ճնշումը, իսկ այժմ արդեն` նաեւ Սիրիական հարցում որդեգրած կեցվածքը: Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չկա երաշխիք, որ մի օր Մոսկվան բրիտանական ինքնաթիռներ չի խոցի:
