Հայտնի է՝ ում օգտին չի քվեարկի Շվարցենեգերը
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում հայտարարել է, որ նախագահական ընտրություններում առաջին անգամ չի քվեարկի Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին՝ 1983 թվականին քաղաքացիություն ստանալուց ի վեր: «Ես հպարտ հանրապետական եմ եղել այն ժամանակվանից, երբ 1968 թվականին եկել եմ ԱՄՆ և լսել եմ Նիքսոնի խոսքերը ճնշումից ազատված կառավարության, ազատ առևտրի և ուժեղ բանակի կողմից մեր ազատության պաշտպանության մասին: Այդ օրը ես մտա Աբրահամ Լինքոլնի, Թեդի Ռուզվելտի և Ռոնալդ Ռեյգանի կուսակցությունը»,- գրել է նա: Շվարցենեգերը նաև ընդգծել է, որ «ինչպես շատ ամերիկացիներ» հակասական զգացումներ ունի և չի որոշել, թե ում տա ձայնը: Իր դիմումը դերասանը ավարտել է «հանրապետական ընկերներին» դիմելով, որտեղ նրանց «հիշեցնում է» այն մասին, որ «երկիրն իրենց կուսակցությունից վեր դասելը նրանց պարտքն է»:
