Թուրքիան դժգոհ է Ռուսաստանի քաղաքականությունից
Թուրքիան մտահոգություն է հայտնել «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպության գործունեությունն արգելելու մասին Ռուսաստանի Դաշնությունում ընդունված դատական որոշման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործանախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը: Միջանկյալ նշենք, որ կազմակերպությունը ճանաչվել է ծայրահեղական: Եվ դրա հետևանքով վերջինիս գործունեությունը արգելվել է: Բիլգիչի բնորոշմամբ՝ Ղրիմի թաթարների միակ նպատակը ազատության, անվտանգության և խաղաղության մեջ ապրելն է: Բացի այդ նպատակներից որևէ այլ նպատակ նրանք չեն հետապնդում: «Ի պատասխան բոլոր ճնշումներին՝ մենք շարունակելու ենք աջակցել Ղրիմի թաթարներին»,- հավաստիացրել է խոսնակը:
