Բունդեսթագի վեց պատգամավորներ կայցելեն Ինջիրլիք ավիաբազա
Գերմանիայի խորհրդարանի վեց պատգամավորներ չորեքշաբթի կայցելեն Թուրքիայի հարավում տեղակայված Ինջիրլիք ավիաբազա: Այս մասին հայտնում է NTV-ն: Ինջիրլիքի բազայում բունդեսվերն առաքելություն է իրականացնում. զինծառայողները մասնակցում են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդային հետախուզական գործողություններին: Նախկինում Թուրքիայի իշխանությունները, ի պատասխան Բունդեսթագի, այսպես կոչված, «հայկական բանաձեւի», Պաշտպանության նախարարության պետքարտուղարի գլխավորությամբ գերմանացի մի խումբ պատգամավորներին թույլ չէին տվել այցելել Ինջիրլիք բազայում տեղակայված զինվորներին: Ավելի ուշ Անկարան վերացրել է գերմանացի խորհրդարանականների այցելության արգելքը:
