Մուսուլմանուհին և Playboy-ի նոր համարը
Մուսուլման ամերիկուհին` հիջաբով, դարձել է Playboy ամսագրի հոկտեմբերյան համարի դեմքը: Ինչպես ներկայացնում է CNN-ը, 22-ամյա լրագրողուհի Նուր Տագուրիին հրավիրել են մասնակցելու «Ռենեգատ» նախագծին, որը նվիրված է մարդկանց, ովքեր վտանգում են ամեն ինչ, անգամ կյանքը իրենց սիրելի գործով զբաղվելու համար: Newsy լրատվական կայքի լրագրողուհին Playboy-ի համար արված լուսանկարում ներկայացել է հիջաբով, սև ջինսով և կաշվե բաճկոնով: Տագուրիին հրավիրելու հանգամանքը զանազան արձագանքների է արժանացել: Ոմանք գովաբանում են ամսագիրը՝ նրան հրավիրելու համար, ոմանք էլ դատապարտում: Մի շարք պարբերականների կարծիքով`հիջաբով հերոսուհու հայտնվելը ամերիկյան ամսագրում, որը հայտնի է «կանանց մերկացնելու» իր փորձով, աններդաշնակություն է առաջացնում:
