Ալի Խամենեիի`Հոլոքոսթը հերքող տեսանյութը հայտնվել է համացանցում
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կայքում հայտնվել է Հոլոքոսթը հերքող տեսանյութ։ Այն դրվել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը, որը նշվում է հունվարի 27-ին։ Տեսանյութը հիմնականում մոնտաժված է կադրերից, որոնք Պաղեստինում նկարահանվել են իսրայելական հարվածներից հետո։ Բացի այդ, դրանում տեղ են գտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների արխիվային կադրեր, ինչպես նաև 2014 թվականին Ալի Խամենեիի ելույթից հատված, որում նա կասկածի տակ է դրել Հոլոքոսթի եղելությունը։ Ընդգծվում է, որ տեսանյութը դրվել է կայքի պարսկերեն ու անգլերեն տարբերակներում։
