Վրաստանում «խոզի գրիպի» պատճառով մահացել է 5 մարդ
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ H1N1 վիրուսից հետո ծագած բարդություններից հետո մահացել է Վրաստանի ևս երկու բնակիչ։ Դեպքերից մեկը գրանցվել է Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Աջարիայում։ Այդ մասին հայտարարել է Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Վերջինիս հաղորդմամբ՝ 2016 թվականին H1N1-ի («խոզի գրիպ») պատճառով Վրաստանում մահացել է 5, իսկ H3N2 վիրուսի պատճառով՝ 1 մարդ։ Վրաստանում համաճարակի շեմ է սահմանվել 100.000 մարդու համար 500 վարակման դեպքը։ Ներկա դրությամբ երկրի 100.000 մարդու շրջանում վիրուսը նկատվում է 332 մարդու մոտ։ Թբիլիսիի բոլոր մանկապարտեզները չեն աշխատում մինչև փետրվարի 1-ը։
