Ռուս հաքերները հրապարակել են Հակադոպինգային գործակալության տվյալների 3-րդ մասը
Ռուսական Fancy Bear հաքերային խումբը փաստաթղթերի հերթական մասն է հրապարակել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) տվյալների բազայից: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկությունը հայտնվել է խմբավորման կայքում: Նրանց հրապարակած ցուցակում 5 երկիր ներկայացնող 11 մարզիկի անուն է ներառվել: Հրապարակված փաստաթղթերի համաձայն` նրանց թույլատրվել է արգելված դեղամիջոցներ ընդունել բուժական նպատակներով: Նմանօրինակ տվյալների երկրորդ մասը համացանցում հայտնվել էր սեպտեմբերի 15-ին, երբ 8 երկիր ներկայացնող 25 մարզիկի անուններ էին հրապարակվել: Նրանց թվում էր հայտնվել նաև ՌԴ դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել: WADA-ն հաստատել էր հրապարակված տեղեկության հավաստիությունը:
