Թուրքիայում PKK-ի զինյալների գործողությունների հետևանքով 10 մարդ է սպանվել
2 զինծառայող և 8 քաղաքացիական անձ է սպանվել Թուրքիայի արևելքում՝ Աղրը նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նահանգի ադմինիստրացիային։ Նշվում է, որ քուրդ զինյալների հարձակումը տեղի է ունեցել Թենդյուրեք շրջանում։ Հարձակման հետևանքով սպանված քաղաքացիական անձինք աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի իշխանություններին PKK-ի դեմ պայքարում: Եվս 3 զինծառայող և 2 քաղաքացիական անձ վնասվածք է ստացել։ Ռազմական ավիացիայի աջակցությամբ տեղանքում իրականացվում է հարձակման մասնակիցների չեզոքացման գործողություն:
