Փարիզի Հյուսիսային կայարանից հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Չորեքշաբթի առավոտյան հարյուրավոր մարդիկ են տարհանվել Փարիզի Հյուսիսային կայարանից, որտեղից Մեծ Բրիտանիա են ուղևորվում Eurostar-ի գնացքները: Տարհանման պատճառը եղել է ուղևորներից մեկի ուղեբեռում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա փամփուշտի հայտնաբերումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Guardian-ի լրագրող Բառնի Ռոնեյը, որն ականատես է եղել կատարվածին: Ավելի ուշ Eurostar ընկերությունը հաստատել է, որ տարհանումը և անվտանգության վերահսկողությունն իրականացվել են այդ գտածոյի պատճառով՝ չնշելով, թե ինչպիսի փամփուշտի մասին է խոսքը, և արդյոք այն վտանգավո՞ր է եղել: Կայարանի աշխատանքը շուտով վերսկսվել է:
