Հավատարմագրից զրկեցին Ռիոյի Պարալիմպիկ խաղերի բացմանը ՌԴ դրոշը տանող բելառուսցուն
Միջազգային պարալիմպիական կոմիտեն (ՄՊԿ) սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել հետ կանչել բելառուսական պատվիրակության ներկայացուցչի համատարմագրումը, ով Ռիոյում նախօրեին մեկնարկած Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ռուսական դրոշ էր տանում: Ինչպես հաղորդում է DW.com-ը` այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է ՄՊԿ-ի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Քրեյգ Սփենսը: Ինչպես հաղորդվում է, կոմիտեն Պարալիմպիկ խաղերից չի հեռացրել Բելառուսի ողջ հավաքականին: Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարությունն իր հերթին հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ առ այն, որ ՌԴ դրոշը բացման արարողությանը ծածանելը ողջ հավաքականի որոշումն է եղել: Պատվիրակության նախաձեռնությունը ողջունել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
