Ովքեր են պատվիրատուները. Հայաստանն ու չպայթեցված գազամուղը. armenian-community.ge

Օրերս Վրաստանի իրավապահները կանխեցին իրենց տարածքում Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձը: Ըստ վրացական հատուկ ծառայությունների տվյալների, դիվերսիոն հարձակման փորձ իրականացնող խումբը չեզոքացվել է, եւ նրա անդամներն այժմ մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ: Հայ-ռուսական գազամուղի պայթեցման փորձը վերստին առաջ քաշեց ԼՂ պատերազմից հետո տարիների խորքում թաղված այս ռազմավարական ենթակառուցվածքի խոցելիության խնդիրը: Այն իսկական գլխացավանք էր Հայաստանի ու Վրաստանի համար 1992-1994 թթ. ղարաբաղյան պատերազմի տարիներին, քանի որ պարբերաբար ենթարկվում էր ահաբեկչական հարձակումների՝ խորացնելով Հայաստանի էներգետիկ-տրանսպորտային բլոկադայի առանց այն էլ ծանր հետեւանքները: Արդյոք այս հարձակման փորձը շարքային քրեական իրադարձությո՞ւն էր, որը կանխվեց, թե՞ հյուսիս-հարավ էներգետիկ համագործակցության ձեւաչափին հարված հասցնելու առաջին լուրջ քայլը: Մեր զրուցակից, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը ոչ միայն հակված է երկրորդ տարբերակին, այլեւ վստահ, որ առաջիկայում հյուսիս-հարավ համագործակցության առանցքի խորացմանը զուգահեռ նոր խոչընդոտող հանգամանքներ ի հայտ կգան՝ անգամ դիվերսիաների տեսքով: Պարոն Մարջանյան, Հայաստանը վերստին առերեսվեց էներգետիկ անվտանգության խնդրի հետ: Այժմ, իհարկե, ժամանակներն այլ են Ղարաբաղյան պատերազմի տարիներից: Կա Իրան–Հայաստան գազամուղ, որն ի զորու է ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը: Այդ դեպքում ինչո՞ւ փորձել պայթեցնել Հայաստան–Ռուսաստան գազամուղը, ո՞րն է նպատակը: – Սա չափազանց կարեւոր խնդիր է: Այն տեղավորվում է տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում: Դեռ 1993-1994 թթ. գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողությունները ոչ մի տեղ չեն կորել: Դրանք շարունակում են լինել: Հայաստանի վաղ 90-ականների դաժան էներգետիկ ճգնաժամը հիմնականում պայմանավորված էր գազամատակարարման խափանմամբ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից էներգետիկ-տրանսպորտային շրջափակմամբ: Ահա այս երկու գործոնները, թեպետ որոշակի մեղմացումներով, բայց շարունակում են մնալ օրակարգում: Հայաստանը շարունակում է գտնվել էներգետիկ-տրանսպորտային շրջափակման մեջ, որի համար վճարում է չափազանց բարձր գին: Մինչ այժմ արեւելք-արեւմուտք՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, մեզ խեղդամահ անող աքցանները ոչ մի տեղ չեն կորել: Անցած երկու տասնամյակների ընթացքում մենք փորձում ենք դրան հակադրվել հյուսիս-հարավ ապաշրջափակող առանցքի ձեւավորման փորձերով ու ջանքերով: Դրա համար իրականացվում է բավականին ակտիվ աշխատանք Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ: Վերջերս կարծում եմ տարածաշրջանի էներգետիկ քարտեզի համար սկսվեց հեղափոխական մի գործընթաց: Դեռ անցյալ տարի սկիզբ դրվեց ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ֆորմատի ձեւավորմանը: Սկսվեցին քառակողմ բանակցություններ: Շեշտադրվում էր երկու-երեք հիմնական ասպեկտ, որոնցից մեկը գազի տրանզիտ մատակարարումներն էին: Մեխանիզմը փոխանակման (սվոպի) տարբերակով Հայաստանից իրանական գազի արտահանումն է Վրաստան եւ Ռուսաստանից նույն մեխանիզմով դեպի Հայաստան: Բառացիորեն ավելի քիչ, քան մեկ ամիս առաջ սկսվեց առաջին փորձնական գազի մատակարարումները Իրանից Հայաստանով դեպի Վրաստան: Կարծում եք, այս դիվերսիոն գործողության փորձը ուղղված եր այդ համագործակցության դե՞մ: – Վստահ եմ: Այս ահաբեկչական գործողությունը պետք գնահատել հենց այդ համատեքստում: Սա քայլ է՝ ուղղված ընդդեմ Հայաստանի՝ տարածաշրջանային էներգետիկ տրանզիտային համակարգերում ինտեգրման փորձին: Սա առաջին քայլն է, բայց ոչ վերջինը՝ հաշվի առնելով, որ հյուսիս-հարավ ուղղությամբ ինտեգրման ջանքերը գնալով խորանալու են: Քանի դեռ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության առանցքը շարունակում է գործել, առաջիկայում պետք է սպասել նորանոր խոչընդոտների այս ուղղությամբ, որոնք կփորձեն վիժեցնել Հայաստանի ինտեգրումը հյուսիս-հարավ էներգետիկ տրանսպորտային համակարգում: Դուք մատնանշում եք, որպես խոչընդոտող կողմ, արևելք–արևմուտք առանցքի մասնակից երկրները: Իսկամե՞ս կարծում եք, որ այդ երկրներից ինչ–որ մեկն է կազմակերպել այս դիվերսիան: – Վստահ եմ: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասնակցությունն այս գործին գոնե ինձ մոտ կասկածներ չի հարուցում: Եթե խոսում ենք Վրաստանի մասին, ապա պետք է տարանջատել Վրաստանի պաշտոնական իշխանություններին այնտեղ գործող ոչ պակաս զորավոր ուժերից: Այդ ուժերը համարում են, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը պետք է ուժեղանա: Նրանց ռազմավարական նպատակը Հայաստանը մեկուսացնելն ու խեղդամահ անելն է, ինչպես նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից իսպառ չեզոքացնելը: Այդ ուժերը կարող են լինել հատուկ ծառայությունների, պատրաստված գրոհայինների, գուցե նաեւ ազգայնական շրջանակների մի կոնգլոմերատ: Այստեղ, կարծում եմ, առկա են նաեւ թուրքական, եթե կուզեք՝ թուրանական ուժերի ներկայացուցիչներ: Խնդիրն այստեղ, ուշադրություն դարձրեք, ոչ թե Հայաստանին էներգետիկ ճգնաժամի մեջ գցելն է, ինչն իրականացվում էր 1993-1994 թթ., այլ էներգետիկ- տրասնպորտային բլոկադան հյուսիս-հարավ առանցքով ճեղքելու հնարավորությունից զրկելն է կամ դրան խոչընդոտելը: Հայ–ռուսական գազամուղն ամեն դեպքում խոցելիության խնդիր ունի: Այն, ինչպես Դուք նշեցիք, նաև կարևոր դերակատարում ունի հյուսիս–հարավ առանցքի շրջանակներում: Դժվար է ասել, թե ինչ սպառնալիքներ կարող են առաջ գալ, եթե ԼՂ–ում վերսկսվեն ռազմական գործողությունները: Պե՞տք է կամ հնարավո՞ր է արդյոք այս գազամուղի անվտանգության ապահովման հարցում ներգրավվեն նաև Հայաստանն ու Ռուսաստանը: – Դա ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Ես կուզեի հիշեցնել ոչ վաղ անցյալից հետեւյալ դրվագը: Երբ կառուցվեց ու թողարկվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, այնուհետեւ գազատարը, Ադրբեջանն ու Թուրքիան շատ վարպետորեն օգտագործեցին այդ հանգամանքը: Նրանք այդ խողովակաշարերի անվտանգության ապահովման շղարշի տակ սկսեցին Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը, միասնական զորավարժությունները, որոնք ուղղված են նաեւ այդ ենթակառուցվածքների պաշտպանությանը: Այս ֆոնին, կարծում եմ, Հայաստանն ուղղակի պարտադիր պետք է բարձրացնի այդ ենթակառուցվածքների անվտանգության հարցը՝ լինեն դրանք բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը, գազատար կամ ապագայում երկաթուղիներ ու ճանապարհներ: Հաշվի առնելով սպառնալիքները՝ հյուսիս-հարավ առանցի տրանզիտային ուղիների անվտանգության ապահովումն ու դրանց շուրջ ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդումն ուղղակի հրամայական է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Զրուցեց Արշալույս Մղդեսյանը armenian-community.ge  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am