Հյուսիսային Կորեայի գործողությունները Ֆրանսիան համարել է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի խախտում
Հյուսիսային Կորեայի գործողությունները Ֆրանսիան համարել է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի անընդունելի խախտում և միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն արձագանքել դրան՝ հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակարգի հայտարարության մեջ: Հիշեցնենք. այսօր Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի առաջին բարեհաջող փորձարկման մասին: Հյուսիսային Կորեան իրեն հայտարարել է միջուկային տերություն 2005 թվականին: 2006, 2009 և 2013 թվականներին նրանք կատարել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ, որոնք դատապարտվել են միջազգային հանրության կողմից: Ի պատասխան Փխենյանի գործողությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք բանաձևեր է ընդունել՝ Հյուսիսային Կորեայից պահանջելով դադարեցնել միջուկային ոլորտում գործունեությունը:
