Ադրբեջանն ու ԵՄ-ն վերսկսում են բանակցությունները
Ադրբեջանը և Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը: «Սեպտեմբերին իրենց աշխատանքն են սկսում ենթահանձնաժողովները: Աշնան ընթացքում նախատեսված է առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի, էկոլոգիայի, անվտանգության և մարդու իրավունքների հարցերով, կրթության և այլ սոցիալական հարցերի ոլորտում գործող չորս ենթահանձնաժողովի նիստերի անցկացում»,- ասել է նա: Մամեդգուլիևի խոսքով՝ այդ խորհրդակցությունները կանցկացվեն անկախ ԵՄ խորհրդի կողմից ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի համար մանդատի տրամադրման ժամկետներից: «Սպասվում է, որ մանդատն Ադրբեջանին կտրամադրվի հոկտեմբերին մոտ, բայց դա դեռ նախնական ժամկետներ են: Դրանից անկախ՝ մենք վերսկսում ենք ԵՄ-ի հետ համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում աշխատանքը»,- ասել է նախարարի տեղակալը:
