Ալիեւի կողմից առաջարկվող սահմանադրական ուղղումները սահմանափակում են քաղաքացիների իրավունքները. փորձագետ
Ադրբեջանի սահմանադրության մեջ առաջարկվող ուղղումները բարեփոխիչ բնույթ չեն կրում: Հանրաքվեի արշավն անցնում է քաղաքացիական հասարակության կաթվածի եւ ակտիվիստների դեմ բռնաճնշումների իրավիճակում: Նման կարծիք է հայտնել «Թուրան»-ին Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլին: Ադրբեջանցի փորձագետն ասել է, որ սահմանադրական ուղղումների փաստաթուղթը խորհրդարանում եւ հասարակական-քաղաքական շրջանակներում նախնական քննարկման չի ներկայացվել, ինչը բազմաթիվ հարցեր է ծնում: «2013 թվականից սկսած Ադրբեջանում ուժեղացել են իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարական արժեքների կողմնակիցների դեմ ճնշումները: Քաղաքացիական հասարակության առաջնորդների ձերբակալությունները, ՀԿ-ների մասին օրենսդրական հետադիմական ուղղումները, ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի փակումը եւ երկրից արտասահմանյան ՀԿ-ների արտաքսումն այդ գործընթացի սկիզբն էին», -ասել է Մամեդլին` նշելով, որ ներկայիս ուղղումները ոչ բարեփոխիչ ոգի ունեն, եւ չեն պատասխանում իրական սահմանադրական կազմափոխումների պահանջին: Կենտրոնի ղեկավարը գտնում է, որ Ադրբեջանում 70 քաղբանտարկյալների առկայությունն ու նրանց թվի շարունակական աճը երկրում դեմոկրատական պայմանների բացակայության ակնառու ապացույց է, ինչը խոսում է երկրում ավտորիտարիզմի եւ բռնաճնշումների աճի մասին: Մամեդլիի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից առաջարկվող սահմանադրական ուղղումները սահմանափակում են քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, եւ ցուցադրում են ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի առաջ միջազգային պարտավորությունների արհամարհումը իշխանությունների կողմից: «Եթե այդ ուղղումներն ընդունվեն, ապա Ադրբեջանը ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի երկրների մեջ կստանա սահմանադրական մակարդակով իրավունքներն ու ազատությունները սահմանափակող երկրի կարգավիճակ», -ասել է Մամեդլին:
