Ով Թուրքիային մեղադրում է ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար, Թուրքիայի առաջին թշնամին է. Բեքիր Բոզդաղ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Twitter-ի իր էջում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը քննադատող գրառում է կատարել, փոխանցում է «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Եթե բոլոր սատանաներն իրար գլխի հավաքվեին, անշուշտ, կկարողանային ԻՊ-ի պես մի կառույց ստեղծել: Միջազգային ուժերը, որոնք հենց ստեղծել են ԻՊ-ը և դարձրել փորձանք ամբողջ մահմեդական աշխարհի գլխին, այսօր պնդումներ են հնչեցնում, թե Թուրքիան աջակցում է ԻՊ-ին: Նա, ով Թուրքիային մեղադրում է ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար, Թուրքիայի առաջին թշնամին է»: Բոզդաղը չի խուսափել բացահայտ մեղադրանքներից և հավելել է, որ շուրջ 140 երկրից Սիրիա և Իրաք հասած ահաբեկիչների գործած հանցանքների մեջ մեղքի իրենց հսկայական բաժինն ունեն հենց այն երկրները, որտեղից դուրս են եկել ԻՊ-ի անդամները: «ԻՊ-ի ներսում կան ահաբեկիչներ 140 երկրներից: Դրանք տարբեր կրոնի և մշակույթների տեր երկրներ են, ունեն տարբեր լեզուներ: Նրանք եկել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Եվրոպայից և ասիական երկրներից: Ահաբեկիչ դարձած երիտասարդներին այդ երկրներում ինչ-որ կերպ հասանելի է եղել ԻՊ-ի քարոզչությունը: 140 տարբեր երկրներից երիտասարդներ չէին կարող հենց այնպես հասնել Սիրիա և Իրաք: Սա կազմակերպողը հենց այդ միջազգային ուժերն են», - ասել է նա:
