Տոկիոյի ակվապարկում մի տղամարդ ութ աղջիկների է վիրավորել
Տոկիոյի ոստիկանության աշխատակիցները որոնում են չարագործին, որը մայրաքաղաքի ակվապարկում սուր առարկայով վիրավորում է հասցրել առնվազն ութ աղջիկների: Ճապոնական լրատվամիջոցների տեղեկություններով միջադեպը կատարվել է օգոստոսի 21-ին տեղի ժամանակով 13:30 –ին: Նախնական տվյալներով հարձակման ժամանակ աղջիկները ակվապարկի լողավազաններից մեկում են եղել: Ականատեսները FNN News հեռուստաալիքին պատմել են, որ կատարվածից հետո պարկում բարձրախոսով հայտարարել էին, որ չարագործը «տղամարդ է՝ 180-190 սմ հասակով»: Միեւնույն ժամանակ հարձակվողի սեռի, ազգային պատկանելիության, տարիքի ու տարբերակիչ նշանների մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել: Չեն հայտնել նաեւ, թե հատկապես ինչ սուր առարկայով է վիրավորում հասցվել: Բոլոր աղջիկները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոց: Հիմա ակվապարկում զննում են այցելուներին:
