Ադրբեջանի իշխանությունները զրոյական մաքսատուրքեր են սահմանել բենզինի ներկրման համար
Ադրբեջանի իշխանությունները երկու ամսով զրոյական մաքսատուրքեր են սահմանել 92 օկտանային թվով բենզինի ներկրման համար: Ինչպես գրում է BBC-ն, դա պայմանավորված է Ադրբեջանի միակ նավթավերամշակման գործարանի վերանորոգման աշխատանքներով: Նշվում է, որ գործարանը տեղակայված է Բաքվում, իսկ 92 օկտանային թվով բենզինը՝ Regular-ը, ամենատարածված վառելիքն է Ադրբեջանում: Սպասվում է, որ բենզինի ներկրումն Ադրբեջան իրականացնելու է այդ երկրի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը: Ըստ որոշ տեղեկությունների, վառելիքը ներկրվելու է Ռուսաստանից, սակայն հնարավոր է նաեւ, որ ներկրումը կազմակերպվի Ռումինիայից: Մանրամասնվում է, որ Ադրբեջանի նավթավերամշակող գործարանը չի աշխատում օգոստոսի սկզբից, սակայն երկրում եղած վառելիքի պաշարները բավարարում էին մինչեւ հիմա:
