«Անի» կենտրոնը հրապարակել է Կազանի փաստաթուղթը

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև: ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ) Տարածքներ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը: Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից: Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց: Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Անվտանգության երաշխիքներ Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա: Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ: Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի: Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով: Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ: Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը: Ազատ կամարտահայտություն Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում: Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն: Լաչինի միջանցք Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը: Փախստականներ Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության: Ապաշրջափակումներ Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝, ներառյալ` Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։ Դոնորների խորհրդաժողով Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։ Հանձնաժողովներ Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով: Լուսանկարում՝ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ձեռք են սեղմում, 20 հունիսի, 2016թ, Սանկտ Պետերբուրգ

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am