Հունաստանն, առաջինը Եվրոպայում, սկսել է նավթ գնել Իրանից
Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր իրանական նավթի մատակարարումների մասին: Համաձայնագիրը ներառում է մատակարարումների անահապաղ մեկնարկով համագործակցություն նավթի մատակարարման ոլորտում, ինչպես նաև 2011 թվականին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով առաջացած ընթացիկ ֆինանսական հարցերի լուծում: ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ Hellenic Petroleum-ի ղեկավարությունն իր գոհունակությունն է հայտնել համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը ընկերության կարծիքով՝ երկու կողմերի շահերից է բխում: Իրանը Հունաստան նավթի գլխավոր մատակարարներից է եղել: 2011 թվականին Հունաստանը Իրանում օրական 100 հազար բարել նավթ էր գնում: 2012 թվականին պատժամիջոցների սահմանման պատճառով Աթենքը ստիպված է եղել հրաժարվել իրանական նավթից: Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո հույս ունի ստանալ մոտ 50 միլիարդ դոլար տարեկան արտասահմանյան ներդրումներ տնտեսության վերականգնման համար:
