Երբ կսկսվեն միջսիրիական բանակցությունները Ժնևում
Միջսիրիական բանակցությունները Ժնևում, հավանաբար, կսկսվեն հունվարի 27-ից հետո: Այս մասին Sputnik գործակալությանն ասել է ժնևյան բանակցություններում սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավարի տեղակալ Ջորջ Սաբրան: «Մենք որպես (բանակցային) կողմերից մեկը, ոչ մի կերպ կապված չենք բանակցությունների ամսաթվի որոշման հետ՝ այն որոշում են ՄԱԿ-ը և հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան: Հրավերները մինչև հիմա չեն ուղարկվել, եթե դրանք ուղարկված լինեին, մենք կխոսեինք կոնկրետ ամսաթվի մասին: Բայց ես կարծում եմ՝ այդ ամենը ենթադրություններ են: Հաստատված է, որ հունվարի 25-ն այլևս բանակցությունների ամսաթիվ չէ»,- ասել է Սաբրան: Ի պատասխան ճշգրտող հարցին՝ արդյոք հնարավոր է բանակցությունները սկսել հունվարի 26-ին կամ 27-ին՝ Սաբրան ասել է. «Կարծում եմ՝ դա (սկիզբը) ավելի ուշ կլինի»:
