Նոր պայմանավորվածություն`Իրանի և Ադրբեջանի միջև
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահին ու ժողովրդին, և հաջողություններ է մաղթել Ռոհանիին։ Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանը մշտապես դեմ է եղել այդ պատժամիջոցներին և այդ կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով։ Ալիևը ևս մեկ անգամ գոհունակություն է հայտնել պատժամիջոցների չեղյալ հայտարարման կապակցությամբ։ Ռոհանին իր հերթին վստահություն է հայտնել, որ երկկողմ կապերը հաջողությամբ կզարգանան նաև հետագայում։ Երկու երկրների նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հարցը, երկու երկրների երկաթուղիների միավորման հարցը՝ Աստարա-Աստարա երկաթուղու կառուցումը, ներդրումային նախագծերի իրագործումը և այլն։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իլհամ Ալիևը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հետ։
