Թուրքիան աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները Թուրքիայից ռազմական աջակցություն են ստանում: «Վերջին օրերին հատկապես նկատելի է, որ Սիրիայում ահաբեկիչների գործողություններն ակտիվացել են, և սա Ժնևում ակնկալվող միջսիրիական բանակցությունների նախաշեմին: Խոսքը նրա մասին է, որ ահաբեկչական խմբավորումները փորձում են ռազմական գործողությունների թատերաբեմում իրավիճակը փոխեն հօգուտ իրենց: Սիրիայի կառավարական ուժերին հակահարված տալ փորձող ահաբեկչական խմբավորումները Հալեպի ուղղությամբ լուրջ օժանդակություն են ստանում Թուրքիայից: Այն ժամանակ, երբ բոլոր շահագրգիռ կողմերը հույսեր են կապում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև ակնկալվող բանակցությունների հետ`որպես իրավիճակի հանգուցալուծման հավանական տարբերակ, որոշ արտաքին ուժեր շարունակում են Սիրիայի գրոհայիններին, և որ ամենավատն է`ահաբեկչական կառույցներին ապահովել զենքով ու այլ անհրաժեշտ սպառազինությամբ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան:
