Մոգերինին առաջարկել է Ռուսաստանի հետ հարաբերությունները համարել ԵՄ առանցքային մարտահրավեր
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ մշակված ԵՄ անվտանգության քաղաքականության ռազմավարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների կառավարումը համարվում է «առանցքային ռազմավարական մարտահրավեր»։ Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է ԵՄ-ի ու Ռուսաստանի փոխադարձ կապը։ Մոգերինին հունիսի 28-ին ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին ներկայացրել է արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության ոլորտներում նոր եվրոպական գլոբալ ռազմավարության նախագիծը։ Երեքշաբթի փաստաթղթի տեքստը, որը ստացել է «Ընդհանուր տեսլական, ընդհանուր գործողություններ. ավելի ուժեղ Եվրոպա» անվանումը, հրապարակվել է ԵՄ արտաքին կապերի ծառայության կայքում։ Փաստաթղթում նշվում է, որ բոլոր երկրների հետևողական և համաձայնեցված մոտեցումը պետք է մնա Ռուսաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության անկյունաքարը։ «Մենք երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը և հաշտվի Արևելյան Ուկրաինայի ապակայունացման հետ։ Մենք կամրապնդենք ԵՄ-ն, կբարձրացնենք մեր արևելյան հարևանների կայունությունը և կաջակցենք ԵՄ-ի հանդեպ իրենց մոտեցումն ազատ որոշելու նրանց իրավունքը»,- ասվում է փաստաթղթում։ Ռազմավարությունում նշվում է, որ հավաքական անվտանգության առումով անդամ պետությունների մեծ մասի համար հիմք է մնում ՆԱՏՕ-ն, այդ իսկ պատճառով պետք է խորացնել համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
