Իրանը չի խախտել միջազգային նորմերը. Զարիֆ
Իրանը կարծում է, որ չի խախտել միջազգային նորմերը՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ հոկտեմբերին բալիստիկ հրթիռի փորձարկում անցկացնելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։ «Դա չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և նույնիսկ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը»,- հայտարարել է նա CNN-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ բանաձևի շրջանակում Թեհրանը չպետք է անցկացնի հրթիռների փորձարկումներ, որոնք կարող են միջուկային մարտական լիցք կրել։ «Մենք նման բան չենք անում։ Մենք հաստատում ենք, որ երբեք չենք ցանկացել միջուկային զենք ունենալ»,- հավելել է նախարարը։ Զարիֆը նշել է, որ «ԱՄՆ-ը նայում է հրթիռներին, սակայն չի մտածում, որ միլիարդավոր դոլարներ է ծախսում մեր հարևաններին զինելու վրա»։ «Իրանն էլ չպետք է սահմանափակված լինի ինքնապաշտպանության միջոցներում»,- ընդգծել է նա։
