Ինչի համար է մեղադրվում Քլունին
Ամերիկացի դերասան, երկակի օսկարակիր Ջորջ Քլունին մեկնաբանել է սկանդալն այն բանի շուրջ, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում չեն հայտնվել սևամորթ դերասաններն ու դերասանուհիները, հաղորդում է BBC-ն: Քլունիի կարծիքով` կինոակադեմիան սխալ ուղղությամբ է շարժվում: Դերասանը հիշեցրել է, որ դեռ տասը տարի առաջ հավակնորդների շարքում զգալի էր աֆրոամերիկացիների թիվը: Իսկ այժմ, ըստ նրա, վերջիններս դժգոհության առիթ ունեն: Քլունին ընդգծել է, որ խնդրի էությունն այն չէ, թե քանի աֆրոամերիկացիներ ստացել կամ չեն ստացել մրցանակը, այլ այն, թե ընդհանրապես փոքրամասնություններին ինդուստրիան որքան հնարավորություններ է ընձեռում: Դերասանն ընդգծել է, որ խտրականության հետ բախվում են ոչ միայն աֆրիկյան, այլև լատինաամերիկյան ծագում ունեցող իր գործընկերները: Դրա հետ կապված` Քլունին կինոակադեմիային փոփոխությունների կոչ է արել:
