Իզմիրի բնակչուհին դատապարտվեց Էրդողանին վիրավորելու համար
Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրի բնակչուհի Ֆիլիզ Աքընջըն դատապարտվել է 11 ամսվա ու 20 օրվա բանտային ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։ Միջադեպը գրանցվել էր 2014 թվականի մարտին Իզմիրում, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը և լքում իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական հանդիպումը։ Պատշգամբում կանգնած Աքընջըն իբրև թե ձեռքերով ժեստ է ցուցադրել նրան, որն Էրդողանը համարել է վիրավորական։ Աքընջըն իր հերթին հայտարարել է, որ իր արած ժեստը հասցեագրված չի եղել Էրդողանին։ Նրա փաստաբանը պնդել է, որ Էրդողանը հանրահավաքի ժամանակ հանդես է եկել որպես կուսակցության առաջնորդ և ոչ թե որպես պաշտոնատար անձ, ինչի համար էլ միջադեպի վրա չի կարելի տարածել պետծառայողին վիրավորելու մասին օրենքը։ Եվ այնուամենայնիվ, դատարանը որոշել է աղջկան դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով լսումների ժամանակ նրա լավ պահվածքը՝ այդ ժամկետը կրճատել է մինչև 11 ամիս և 20 օրվա։ Աքընջըին նաև պարտավորեցրել են Էրդողանին փոխհատուցել փաստաբանական ծառայությունների համար նրա կատարած ծախսերը։
