Հռոմի Պապի այցը երկու եկեղեցիների եղբայրության եւ համագործակցության նոր վկայություն է. Գարեգին Բ

Այսօր՝ հունիսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիոսկոս Պապի մասնակցությամբ Հրաշափառի Բարիգալստյան արարողության ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նշել է. «Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ Մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց  Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս և սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում: Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում  2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր  Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները: Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է:  Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանում է ի փառս Աստծո (Հմմտ. Բ Կորնթ. Դ15): Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Մեր Եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝  խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է Քույր Եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները: Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց: Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am