Մոսկվան չի մասնակցի միջսիրիական բանակցություններին. Լավրով
Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Սիրիայի աջակցման խմբի այլ մասնակիցներ ներկա չեն գտնվի հունվարի 25-ին Ժնեւում նախանշված միջսիրիական բանակցություններին, բայց կուղեկցեն դրանք: Ըստ ՌԻԱ Նովոստիի, հունվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այո, անկասկած, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Սիրիայի աջակցության միջազգային խմբի այլ մասնակիցներ ներկա չեն գտնվի սիրիական կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցություներին, բայց մենք կուղեկցենք այդ բանակցություններն այն ձեւաչափերով, որոնք առավել օգտակար կլինեն, որպեսզի սիրիացիները համաձայնության հասնեն այն հարցերում, թե ինչպես պետք է համատեղ լուծեն անցումային շրջանի խնդիրները, ինչպիսի նոր Սահմանադրություն պետք է ունենան, ինչպես պետք է պատրաստվեն արտահերթ ընտրություններին եւ այլն»,- մասնավորապես ասել է Լավրովը:
