Զախարովայի կոչը՝ Նովրուզ Մամեդովին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների անբարեխիղճ մեկնաբանություններից: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում: Ճեպազրույցում Զախարովան նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակած հայտարարությունում հաստատել են ավելի վաղ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Նրանք պայմանավորվել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նաեւ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման առիթով: Ես մեջբերում եմ հայտարարությունը, որը հրապարակվել է եւ հասանելի է բոլոր պաշտոնական կայքերում: Կցանկանայի հավաքական խնդրանք հնչեցնել՝ ղեկավարվել միայն հայտարարության բնօրինակով»,- ասել է Զախարովան:
