Իրանի տնտեսությունը վերելք է ապրում. Նահավանդիան
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար, տնտեսական հարցերով խորհրդական Մոհամադ Նահավանդիանը, ելույթ ունենալով Դավոսի տնտեսական ֆորումում, հայտարարել է, որ Իրանը վերադառնում է համաշխարհային տնտեսություն. «Պատժամիջոցների վերացման ու տնտեսական կլիմայի բարելավման հետ մեկտեղ Իրանը ողջունում է ներդրումները երկրի տնտեսության զարգացման նախագծերում։ Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն նախագծերին, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Իրանն 2016 թվականի համար ակնկալում է ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճ։ Տնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանը նախատեսում է, որ տնտեսական աճի տեմպերը պետք է մինչև 2021 թվականը հասցվեն 8 տոկոսի»։ Խոսելով Իրանի ներկայիս կառավարության հաջողությունների մասին, նա ընդգծել է, որ 2013 թվականին նրա ձևավորման ժամանակ Իրանի տնտեսական անկումը կազմում էր տարեկան 6.8 տոկոս, իսկ այժմ տնտեսությունը վերելք է ապրում, և նախորդ տարի այն աճել է 3 տոկոսով։
