Փարիզում ցույցերից առաջ 85 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարզիում 85 մարդ է ձերբակալել աշխատանքային բարեփոխման դեմ բողոքի նոր ակցիայի սկսվելուց առաջ: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը: Ոստիկանությունում աղբյուրի խոսքերով՝ մեծ մասը ձերբակալվել է առարկաների առկայության ստուգուման համար անձնական խուզարկությունից հետո, որոնք կարող էին կիրառվել ոստիկանության վրա նետելու համար: Երկուշաբթի Փարիզի ոստիկանության պրեֆեկտը հայտնել էր հունիսի 23-ին նախատեսված 7 արհմիութենական կազմակերպությունների բողոքի զանգվածային ակցիան արգելելու որոշման մասին՝ անկարգությունների մտավախության պատճառով հունիսի 14-ին տեղի ունեցած նախորդ ակցիայից հետո, որն ավարտվել է անկարգություններով և ոստիկանության հետ դաժան բախումներով: Այդ որոշումը Ֆրանսիայում առաջացրել է լայն ընդդիմության կոշտ քննադատությունը, շատերն այն անվանել են ժողովրդավարության և ազատության հիմքերի խարխլում: ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևի հետ հանդիպումից հետո արհմիությունները հունիսի 23-ին Փարիզում ցույցի թույլտվություն են ստացել իշխանություններից: Վերջին ամիսներին աշխատանքային բարեփոխման նախագծի քննարկման պատճառով Ֆրանսիայում պարբերաբար տեղի են ունենում երիտասարդների և աշխատողների զանգվածային ցույցեր, որոնք հաճախ ավարտվում են անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով: Բարեփոխումը պետք է նպաստի Ֆրանսիայում աշխատատեղերի ստեղծմանը, սակայն հնարավորություն է տալիս ավելացնել աշխատանքային օրվա տևողությունը և պարզեցնում է աշխատողներին հեռացնելու գործընթացը: Բարեփոխմանը չի աջակցում ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող Սոցկուսակցության պատգամավորների «ճակատը»:
