Արտոնություններ՝ Սուրիկ Խաչատրյանի ընկերությանը
Գործադիրն այսօր որոշեց «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը տալ հարկային արտոնություններ,ըստ որի ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվեց երեք տարով: «Այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1,9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ եւ այլ սարքավորումներ ձեռք բերեն: Ընկերությունը Սյունիքի մարզում պետք է կառուցի 4 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ եւ արտադրի էլեկտրաէներգիա»,- նշեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը; Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Խաչատրյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարել: Ավելացնենք, որ ընկերությունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու նրա մերձավորներին։ Այս ընկերությունը մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ եւ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` էլեկտրաէներգիա արտադրի:
