Արամ Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է, Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
«Սրբազանը հիմա Ստամբուլում է: Հայաստան չի գալու», - ասաց Ա.Գոչունյանը:
Նրա խոսքով, չեղարկման պատճառը, «հավանաբար Հայաստանում նրա այցի շուրջ եղած դժգոհությունն է»:
Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ հունիսի 15-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, որից հետո կժամանի Երևան՝ մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել էր որպես հայ ժողովրդի շահերի «օգտագործում իմպերիալիստական ուժերի կողմից»:
