Հայկ Խանումյանն անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը
Ժիրայր Սեֆիլյանն ինձ համար թանկ անձնավորություն է: Ես նկատի չունեմ նրա վերջին տարիների քաղաքական գործունեությունը, ոչ էլ նույնիսկ Արցախյան պատերազմի տարիները, երբ նա պատերազմի ամենամարտունակ գումարտակներից մեկի` Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարն էր: Այլ 2000 թվականը, երբ մեծ հարգանքի արժանի Տիգրան Կյուրեղյանի և Արմեն Աղայանի հետ նրանք ստեղծեցին ”Ազատագրված տարածքների պաշտպանություն” շարժումը: Այդ տարիներին մեր հասարակություններում բավականին տարածված էին հանձնողական տրամադրությունները և այս շարժումը կարևոր էր հասարակական կարծիքի փոփոխության համար: Սեֆիլյանի դեմ վերջերս ծավալված տեղեկատվական հարձակումները, ապա նրա խիստ կասկածելի ձերբակալումը ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունների կողմից տեղի է ունենում տարածքային զիջումների դեմ հանդես գալու պատրաստ ուժերի դեմ պայքար: Պետերբուրգյան հանդիպումից անմիջապես առաջ նման գործելակերպն ամբողջովին վեր են հանում ՀՀ իշխանությունների պարտվողական մտադրություններն ու դրանք իրագործելու ցանկությունը: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը
