Էրդողան, դու թափթփուկ բռնապետ ես. Քըլըչդարօղլու
Էրդողանին թափթփուկ բռնապետ անվանած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է իրեն դատի տալու Էրդողանի նախաձեռնությանը։ Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է նախագահ Էրդողանի կողմից իրեն դատի տալու լուրին, կրկին խիստ քննադատելով Էրդողանին եւ իր դեմ հետաքննություն սկսած դատախազին։ Քըլըչդարօղլուն նշել է, թե ինքը չի վախենում ոչ նախագահից, որ դատախազից եւ միայն Աստծուց է վախենում։ «Էրդողանը նեղվել է ոչ թե նրանից որ ասել եմ բռնապետ, այլ որ ասել եմ թափթփուկ բռնապետ։ Նա բռնապետ չի , նա թափթփուկ բռնապետ է»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Քըլըչդարօղլուն։ Նշենք, որ օրեր առաջ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր թափթփուկ բռնապետ, որից հետո Էրդողանը նրա դեմ 100 հազար լիրա փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել դատարան։
