Ռուսաստանը՝ «փափուկ ուժի» երկրների վարկանշային աղյուսակում
«Կոմերսանտը» գրում է ,որ բրիտանական Portland PR գործակալությունը առաջին անգամ Ռուսաստանին ներառել է «փափուկ ուժ» կիրառող 30 երկրից բաղկացած վարկանշային աղյուսակում: Այդ աղյուսակում ընդգրկվելը նշանակում է պետության հնարավորությունը՝ ազդել մյուս երկրների վրա քաղաքացիական հասարակության արժեքների միջոցով, այլ ոչ թե զենքով կամ փողերով, Ռուսաստանը հայտնվել է աղյուսակի 27-րդ հորիզոնականում: Անցած տարի Soft Power-ի վարկանշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել էր 50-րդ հորիզոնականը: 2016թ. առաջատար դիրքում է հայտնվել ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Գերմանիան է, եռյակը եզրափակում է Ճապոնիան: Ինդեքսի հաշվարկը կատարվել է՝ ելնելով երկու չափանիշից՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշներից: Օբյեկտիվ ցուցանիշներ են համարվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են պետական կառավարումը, բիզնես մթնոլորտը, կրթությունն ու պետության ներգրավվածությունը գլոբալ խնդիրների լուծման հարցում:
