Գերմանիայի խորհրդարանի անդամը կոչ է անում արգելել Էրդողանի մուտքը երկիր
Գերմանիայի խորհրդարանի անդամ Սեվիմ Դագդելենը, մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ է արել արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա, հայտնում է Deutsche Welle-ը: Գերմանական «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցում Դագդելենը նշել է, որ «որևէ մեկը, ով Թուրքիայում բռնության կոչ անում գերմանական խորհրդարանի անդամների դեմ, պետք է Գերմանիա մտնելու արգելք ստանա»: «Սա վերաբերվում է նաև նախագահ Էրդողանին»,-ավելացրել է Դագդելենը: Նշվում է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Սեվիմ Դագդելենը ինչպես նաև գերմանացի 10 այլ օրենսդիր, ովքեր ունեն թուրքական ծագում, պարբերաբար մահվան սպառնալիքներ են ստանում: Ավելին, Դագդելենի գլխի համար 100 հազար եվրո պարգևավճար են խոստացել: Այժմ քաղաքական գործիչները գտնվում են ոստիկանության 24-ժամյա պաշտպանության ներքո: Օրենսդիրներին նաև խորհուրդ են տվել առայժմ չճանապարհորդել Թուրքիա, քանի որ իրենց անվտանգությունը այնտեղ երաշխավորված չէ:
