Թուրքիայում 10 միլիոն դոլարով փորձել են վաճառել Քադաֆիի դաշույնը
Ստամբուլում ձերբակալվել է մի գործարար, ով փորձում էր 10 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի փղոսկրյա դաշույնը: Ինչպես հայտնում է RIA-ն, հղումով Hurriet-ին, հնարավոր գնորդը եւս գործարար է եղել՝ Սաուդյան Արաբիայից: Նշվում է, որ դաշույնը ժամանակին գողացված է եղել Քադաֆիի պալատից՝ Լիբիայի առաջնորդի տապալումից հետո: Մանրամանսվում է, որ դաշույնը պատված է ոսկով եւ զարդարված զմրուխտներով, ադամանդներով եւ այլ թանկարժեք քարերով: Փոխանցվում է, որ թուրք գործարարը ձեռք էր բերել դաշույնը 4.6 միլիոն դոլարով՝ Լիբիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկից: Թուրքիայի ոսկերչական պալատն այն գնահատել է երկու միլիոն դոլար: Հաշվի առնելով, որ դաշույնը պատրաստված է փղոսկրից՝ թուրք գործարարին մեղադրանք է առաջադրվել նաեւ վայրի կենդանական աշխարհի տեսակների առեւտրի վերաբերյալ միջազգային կոնվեցիայի խախտման գործով:
