Ինչու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին վրացական վաշտը բացակայել
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտնել է Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին վրացական վաշտի բացակայության պատճառները՝ ընդգծելով, որ պատրաստ է զեկույց ներկայացնել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական վաշտը չէր մեկնել Լեհաստան՝ կապված զինծառայողների շրջանում ջրծաղիկով հիվանդանալու դեպքերի հետ, հաղորդում է Sputnik լրատվական գործակալությունը: Խիդաշելին Facebook-ի իր էջում գրել է. «Բնականաբար, ես մշտապես պատրաստ եմ ամեն տիպի զեկույց ներկայացնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, սակայն միանշանակ ցանկանում եմ, որ հասարակությունն իմանա՝ ես ամբողջական տեղեկատվություն եմ տրամադրել Անվտանգության խորհրդի քարտուղարին: Մենք չէինք կարող փոխարինել վաշտը, քանի որ գործնականում չենք ունեցել ժամանակ, որպեսզի իրականացնենք նոր անձնակազմի համար համապատասխան ընթացակարգեր: Չենք կարողացել փոխարինել նաև նրա համար, որ այդ զորավարժություններն ամեն վաշտի համար չեն: Դրանց պետք է մասնակցեր Operation Capability Concept-ի վաշտը: Operation Capability Concept-ը հարթակ է, որում ընդգրկված են վրացական երկու վաշտեր: Նրանցից մեկն «Ալֆան» է, որն արդեն իսկ ստացել է «Արագ արձագանքման ուժի» կարգավիճակ: Երկրորդ վաշտը «Չառլին» է, որը պետք է մեկներ Լեհաստան: Սակայն մեկնումից 24 ժամ առաջ զինծառայողների շրջանում հայտնաբերվել է ջրծաղիկ, ինչի մասին ՊՆ-ը իրազեկել է Լեհաստանի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր գործընկերներին»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարգվելաշվիլին պարզաբանում է պահանջում ՊՆ-ից՝ ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին չմասնակցելու համար:
