Սերժ Սարգսյանը` ԵՄ-ին. չհավատալ Էրդողանին, չվախենալ նրա զայրույթից

Կարո՞ղ է իրավիճակն այսօր անսպասելիորեն փոխվել Այսօր Բունդեսթագում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող աղմկահարույց բանաձևը, որը սպառնում է լուրջ վնաս հասցնել ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերություններին: Այսօր քվեարկվելիք բանաձևը կազմել են Գերմանիայի ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»: Անգելա Մերկելի խոսնակի փոխանցմամբ, թեև կանցլերը համամիտ է իր կուսակցության դիրքորոշմանը, թե 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը պետք է ցեղասպանություն որակել, նա չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը: Այսպիսով, Անգելա Մերկելն ու արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը թեժ քննարկմանը ներկա չեն լինի, երկուսն էլ հայտարարել են, թե աջակցում են փաստաթղթին, սակայն քվեարկությանը չեն գա՝ ավելի վաղ ծրագրված հանդիպումների պատճառով: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի նախագահը՝ Յոախիմ Գաուքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր խոսքում օգտագործել է ցեղասպանություն բառը։ Նախկինում Գերմանիան հայերի 1915թ. կոտորածները բնորոշելու համար խուսափում էր այդ եզրույթի գործածումից։ Քվեարկությունից ժամեր առաջ պաշտոնական Անկարան ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով կրկին նախազգուշացրեց՝ եթե փաստաթուղթն ընդունվի, Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը: Վերլուծաբանները փաստում են, որ երկկողմ հարաբերություններից բացի, բանաձևը վտանգի տակ կդնի նաև կանցլեր Մերկելի և ողջ Եվրոպայի համար խիստ կարևոր գործարքը՝ միգրանտների ապօրինի ներհոսքը կանխելու վերաբերյալ: Թերևս, հենց այդ պատճառով գերմանացի օրենսդիրները անցած մեկ տարում արդեն երկու անգամ հետաձգել են վիճահարույց քվեարկությունը: Չի բացառվում, որ այդ սցենարը կրկնվի նաև այսօր և իրավիճակն անսպասելիորեն փոխվի այսօրվա ընթացքում: Փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար «Գերմանիան հզոր երկիր է, Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է», նման հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը` Bild-ին տված հարցազրույցում` շեշտելով, որ փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար հետ: Սերժ Սարգսյանը Բունդեսթագի որոշումից մեկ օր առաջ, ի վերջո, պատասխանեց Անկարայի ուժգին սպառնալիքներին` ուղղված Գերմանիայի օրենսդիրներին: «Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն միայն այն պատճառով, որ մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Գերմանական Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Ռեջեփ Էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը տապալի: «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ համաձայնությունը շատ երերուն հիմքի վրա է կառուցված, իսկ այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի այն իրականացնել երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Սարգսյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ գերմանացի քաղաքական գործիչներ ձեռնպահ են մնում բանաձևի օգտին քվեարկելուց՝ վախենալով Թուրքիայի նախագահի քաղաքական վրեժից, շեշտել է՝ «Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի հերքում, որ դա ցեղասպանություն էր, որը 101 տարի առաջ դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձևին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձևեր են ընդունել»: Սերժ Սարգսյանը նաև ասել է, թե չի հասկանում Էրդողանի սուր արձագանքից վախեցող քաղաքական գործիչներին: «Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպիսին, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»,- հավելել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով՝ Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալումն ու Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը պետք չէ կապել իրար հետ: «ԵՄ-ն չպետք է կուրորեն հավատա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ փախստականների խնդրի կարգավորման հարցում, այլ պետք է սեփական լուծումները փնտրի»,- ասել է Հայաստանի նախագահը: Պատասխանելով հարցին` արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է վստահել Թուրքիայի նախագահին, Ս.Սարգսյանը նշել է, որ չի կարող խոսել ԵՄ անունից, բայց իր սեփական փորձից ելնելով կարող է ասել՝ «ոչ, մենք չենք հավատում Էրդողանին»: Նա հիշեցրել է, որ հենց Էրդողանն է արգելափակել հայ-թուրքական հաշտեցման ցյուրիխյան համաձայնագրերի վավերացումը Թուրքիայի խորհրդարանում: Անկարան ամենաբարձր մակարդակով Գերմանիային զգուշացնում է Թուրքիան ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դա վնաս կհասցնի Գերմանիայի և Թուրքիայի երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկիրն էլ՝ Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Էրդողանն ասել է, թե այդ ամենը կվերանայվի։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ հայտարարությունից առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնելով իր մտահոգությունները օրինագծի կապակցությամբ։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Մերկելի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ողջամտություն ցուցաբերել և խորհրդարանի այդ քննարկումներին խելամտորեն մոտենալ։ Գերմանիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել՝ ասելով, որ նրանք քննարկել են նաև միգրանտների հարցով Թուրքիա-Եվրամիություն համաձայնությունների իրականացումը։ Երկու երկրների հարաբերություններից բացի, նշում է «Ռոյթերզ»-ը, նաև մտահոգություններ կան, որ Բունդեսթագի կողմից օրինագծի ընդունումը կարող է լարվածություն առաջացնել Գերմանիայում ապրող ազգությամբ թուրք մոտավորապես 3.5 միլիոն բնակիչների շրջանում։ «Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - հայտարարել է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վարչապետի խոսքով՝ միանգամայն սխալ է պատմական հարցերը քաղաքական գործիքի վերածելը․ «Մենք ոչինչ չունենք թաքցնելու: Թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թող ի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է»: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան չի ուզում «փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, սակայն անցանկալի օրինագծի ընդունման պարագայում նման շրջադարձը անխուսափելի կդառնա»: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am