Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հայերեն թարգմանությունը

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից ներկայացված բանաձևը, որը 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանություններն ու կոտորածները ճանաչել է որպես Ցեղասպանություն: Ներկայացնում ենք բանաձևի հայերեն թարգմանությունը: «1915 և 1916թթ.  հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ  իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել. Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված  տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական  կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում:  Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները: Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպես վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այո ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը: Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում: Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը  որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից,  չնայած  հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը:  Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ: Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թվականին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի միջև հաշտությանը: 100-ամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի  Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ Նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված  ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին:  Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել  այդ իրադարձություններին: Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը`անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի: Գերմանիայի Բունդեսթագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար: Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը  որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը: Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի  ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում այն նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը: Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն: Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս,  թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ  մարդկանց ու ժողովուրդներին: Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է  հանդիսանալ թե´ ներկայի և  թե´ ապագայի համար: Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով: II. Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում  գերմանական կառավարությանը. -հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը, -թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների և կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում, -շարունակել անցյալի վերաիմաստավորումով հասնել թուրքերի և հայերի միջև մերձեցման, հաշտության և պատմական մեղքի ներման, -շարունակել օժանդակել և պետական բյուջեի սահմաններում ֆինանսավորել Թուրքիայում և Հայաստանում այն գիտական, հասարակական և մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կծառայեն հայերի և թուրքերի միջև պատմության վերաիմաստավորմանը, -որպես առաջին քայլ ակտիվորեն օժանդակել Հայաստանի և Թուրքիայի կողմից պատմական իրադարձությունների քննարկմանը և հայ-թուրքական հարաբերությունների վաղուց ի վեր սպասվող բարելավմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստավորման և հաշտեցման ուղղությամբ, -Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին խրախուսել շարունակելու միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այս պահին լճացման մեջ է, -ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման  հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում, -միջնորդել, որպեսզի վերջին տարիներին Թուրքիայում  հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն կերպով շարունակվեն, – ֆինանսական հնարավորությունների շրջանակներում  Գերմանիայում նույնպես շարունակել օժանդակել գիտահասարակական և մշակույթի բնագավառներում տարվող այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչվում են 1915/16թթ. իրադարձությունների հետ: Բեռլին, 2 հունիսի 2016թ. Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ և խմբակցություն Թոմաս Օպերմանն և խմբակցություն Կատրին Գյորինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր և խմբակցություն Հիմնավորում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն և ծանրագույն հետևանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին և զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավել հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն  ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը և լեզուն, այնպես էլ բռնագաղթերի և կոտորածների հիշողությունը կարևոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար: Գերմանիայի Բունդեսթագը   հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում: Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը և կոտորածը նախապես ծրագրված են եղել և որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել: Ընդհանուր առմամբ, ջարդերի և տեղահանումների ծավալը  Թուրքիայում դեռևս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ կան նաև հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև  ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից: Երկու ժողովուրդների միջև հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն և փաստերն այլևս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման և սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները և լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկմ ան առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները  ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների և սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունք ները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաև Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն   1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել և բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության և քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաև եկեղեցականների և գերմանացի բազմաթիվ անհատների անհապաÕ ² խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, և ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը և Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որևէ ճնշում չգործադրեց: Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների և հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների և տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարևորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռևս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am