Մնացած ամեն ինչը լյուքս էր, սա՝ կի՞քս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ «ուղիղ եթերային ուղերձի» էպոպեան, իհարկե, կարանտինային շաբաթ-կիրակի օրերի համընդհանուր ուշադրության ֆոկուսում էր: Հանրության մի մասը (ըստ իշխանականների՝ «ժողովրդի թշնամիները, դավաճանները, պիցցայակերները» և այլն), բնականաբար, սրախոսում էին, իսկ նրանցից շատերն էլ, կներեք արտահայտության համար՝ ղժժում էին: Հանրության մեկ այլ մասը (ըստ ոչ իշխանականների՝ «պողոսները, թավշադուխները» և այլն), վրդովվում էին, լավագույն դեպքում՝ բարոյախրատական ճառեր գրում, ոչ լավագույն դեպքում՝ արդեն իրենց ստեղնաշարերի ստեղներն էլ մաշած անեծք-լուտանք թափում:

Մի խոսքով, ով ինչ ասես, որ չասաց: Այդքանից հետո, թվում է, թե էլ ի՞նչ կարելի է ասել: Բայց ասելու բան կա: Ըստ որում՝ բավականին շատ:

Նախ, ի՞նչ էր տեղի ունեցել: Ուղիղ եթերի նախապատրաստական հատվածը, մոտ 20 րոպե տևողությամբ, հասանելի էր եղել Նիկոլ Փաշինյանի ուղերձը վերահեռարձակող մի շարք հայրենական հեռուստաընկերություններին: Հեռուստաընկերություններն ազատորեն ստացել են այդ «էքսկլյուզիվ» նյութը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հազում է, դեղ է խմում և այլն: Մեծ հաշվով, արտառոց շատ բան չկա, ընկալման հարց է: Եվ «էքսկլյուզիվը», մի քանի տարբերակով տարածվել է, հայտնվել ակտիվ շրջանառության մեջ:

Կարելի է երկար-բարակ բանավիճել, թե որևէ հեռուստաընկերություն կամ լրագրող պե՞տք է տարածեր այդ տեսանյութը, թե՞ ոչ: Բայց դա այլ, խիստ մասնագիտական քննարկման հարց է, որին, եթե առիթ լինի, կարելի է բազմակողմանի անդրադառնալ:

Տվյալ դեպքում, նախ՝ փաստը կատարված է, և ապա՝ առավելապես քննարկվում են կատարվածի հետ կապված այլ հարցեր. դա ո՞ւմ բացթողումն է, ո՞վ է մեղավոր, ինչպե՞ս կարելի է վարչապետի վերաբերյալ ծաղրական ակնարկներ անել և այլն:

Դե ինչ, դիտարկենք, ըստ հերթականության:

Տողերիս հեղինակի համար, օրինակ, զվարճալի էր հետևել այն հեռակա «սուսերամարտին», որ ընթացավ Հ1-ի և վարչապետի մամուլի քարտուղարի միջև, հիմնականում այն հարցի շուրջ, թե դա ո՞ւմ անփութությունը կամ բացթողումն է: Իսկ զվարճալի էր, որովհետև դա երկուստեք կոպիտ բացթողում է, ըստ որում, ավելի շատ վարչապետի հանրային կապերի պատասխանատուների սայթաքումը: Հիմնավորեմ (ոչ մասնագետների համար): Կառավարության ղեկավարի ցանկացած ուղիղ եթեր հստակ նախապատրաստվում է, ինչպես տեխնիկապես, այնպես էլ՝ բովանդակային ու, ի դեպ, նաև արարողակարգային առումներով, առավել ևս, եթե դա ՈՒՂԵՐՁ է: Իմ ընկալմամբ, վարչապետի ՈՒՂԵՐՁԻ ընթացքում պետք է որևէ կերպ տեսապատկերում արտացոլված լինեն ՀՀ Դրոշը և ՀՀ Զինանշանը: Եթե ինձ մնար, ապա ուղերձից առաջ պետք է նաև մեր պետական Օրհներգն էլ հնչեր: Լավ, թողնենք արարողակարգայինը, մանավանդ, որ նման բաներ տվյալ ուղերձում արտացոլված չէին:

Նախապատրաստական փուլը նշանակում է, որ տեխնիկական անձնակազմը ստուգում է հեռարձակման կապուղիները, ազդանշանի հաղորդման որակը, նկարահանման հետ կապված բոլոր նրբությունները (ձայն, պատկեր, լուսավորություն և այլն): Ինչ վերաբերում է վարչապետի հանրային կապերի պատասխանատուներին կամ մամուլի քարտուղարին, ապա նա առաջնահերթ ճշտում է, թե տվյալ պահին ի՛նչն է եթեր հեռարձակվում, ի՛նչ է արվում և այլն, ամենից կարևորը՝ նա կամ հեռարձակմանը ներկա որևէ պատասխանատու պարտավոր է նկարահանվող գլխավոր գործող անձին զգուշացնել՝ նա եթերո՞ւմ է, թե՞ ոչ, նախապատրաստությունը տեսագրվո՞ւմ (այս դեպքում հաղորդվում) է, թե՞ ոչ:

Եթե այլ վարչապետ լիներ, սա չէի ասի: Բայց Նիկոլ Փաշինյանն ինքը «հազար տարվա լրագրող է» եղել, նաև՝ խմբագիր: Ավելին՝ թեկուզ հեռախոսի տեսախցիկի հետ ակտիվորեն աշխատող, այն պայքարի գործիք դարձրած գործիչ: Լավ, բա իր մտքով չէր անցնո՞ւմ, որ այդ տեսախցիկը միացված է:

Հա, ի դեպ, տարբեր տեղերում տեսա նման ֆրազ, թե «արժե՞ր չստացված կադրերը» հաղորդել: Կներեք, դրանք «չստացված կադրեր» չեն, դրանք ուղիղ եթերի նախապատրաստման պահն արտացոլող հատվածներ են: Ի դեպ, բավականին «ստացված»: Այնքան ստացված, որ իրենցով ստվերում թողեցին բուն ուղերձն ու դրա բովանդակությունը:

Ըստ էության, կատարվածը խիստ բնութագրական «կիքս» է՝ գործող իշխանության պարագայում: Կատարվածը ևս մեկ հուշում է առ այն, թե «թավշյա» իշխանությունն ինչպես է որևէ գործ բռնում: Ուստի շատ հուզվել էլ չարժե: Այնպես չէ, էլի, որ այս կառավարության ամեն ինչը լյուքս էր, իսկ այս մի դեպքը՝ «կիքս»:

Լավ, ի՞նչ է «բացահայտվել» հանրությանը: Մեծ հաշվով՝ ոչինչ: Արդեն երկու տարի է, ինչ շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ՝ «հուզական հազ» ունի: Այսինքն, երբ լարվում է կամ հուզվում, խոսելիս կամ ելույթ ունենալիս հազում է: Դե, ջուր էր խմում, նորմալ է: Դեղ էլ խմեց, հնարավոր է, հազը զսպելու համար: Էլի խնդիր չէ,: Ի դեպ, հազալիս պետք է ձեռքով կամ անձեռոցիկով, թաշկինակով փակել բերանը: Սա՝ նոր կանոնների կամ ռեֆլեքսների համատեքստում, որ Փաշինյանն ինքը նույն ուղերձում շեշտում էր: Ինչևէ:

Հիմա ի՞նչ է պատահել: Չէ՞ որ վարչապետ Փաշինյանն ու նոր՝ «թավշաիշխանավորներդ» եք անընդհատ լսելիք կոշտուկում, թե՝ «մենք բաց ենք, թափանցիկ ենք», այս այն: Է՜հ, ապահովվել է այդ «բաց ու թափանցիկը», լրիվությամբ, կարելի է ասել: Հանրությունը իր երկրի վարչապետին տեսավ ոչ միայն «ուղերձային» պաշտոնական վիճակում, այլև՝ ոչ պաշտոնական: Նման տարբեր վիճակների այնքան կադրեր ու տեսանյութեր են շրջանառվել, որ այս մեկը նախորդների համեմատ համարյա անմեղ բան էր:

Հաջորդը: Իշխանական քարոզիչների ու այդ քարոզչության «ֆեյքա-չֆեյքա դամքաշների» տարփողած այն բացականչությունների վերաբերյալ, թե՝ «ինչպե՜ս կարելի է, չէ՞ որ խոսքը երկրի վարչապետի մասին է...» բլա-բլա-բլա...

Շատ կներեք, էլի: Ովքե՞ր են ինչի՛ց խոսում: Կոնկրետ այս իշխանությունը` իր բոլոր ներկայացուցիչներով ու վարչապետով հանդերձ, առհասարակ որևէ տեղ չունի այդօրինակ «բարոյախրատական ճառեր» բացականչելու: Չունի, որովհետև այսօր իշխանության ղեկին են հայտնվել հենց այն շրջանակների նկատելի ներկայացուցիչները, որ տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ գերազանցապես հենց այն են արել, որ ծաղրել ու ծանակել են պետության ղեկավարների, հերոսների, արժանավոր մարդկանց: Կամ, օրինակ, դո՞ւք չէիք, որ ծափահարում էիք երիտասարդ ու ողջ-առողջ մարդու բնակարանի դռանը դագաղ ու սգո ծաղկեպսակ դնողներին և հրճվանքից նվաղում՝ դա տեսնելով: Դո՞ւք չէիք, որ մարդկանց նկարները աղբամաններն էիք նետում, սև ժապավեն կապում վրան և այլն, և այլն, այստեղ ձեր ողջունած, հրահրած, խրախուսած ու կիրառած բոլոր այլանդակություններն ու ցածր պահվածքը չնկարագրեմ: Վաղուց չէր, հազիվ թե մոռացած լինեք:

Դո՞ւք չէիք, որ վրա էիք պրծնում նաև նրանց վրա, ովքեր փորձում էին ձեզ «ուշքի բերել», ովքեր ասում էին, որ անթույլատրելի են նման դրսևորումները, որքան էլ թունդ լինի ձեր քաղաքական հակադրումը կամ որքան էլ մեծ լինի ամեն կերպ իշխանության հասնելու ցանկությունը:

Դո՛ւք էիք: Դո՛ւք եք: Եվ դո՛ւք եք, որ անխնա ատելություն ու թշնամանք էիք ցանում մեր հասարակության մեջ ու մեր երկրում: Է՜հ, հիմա հնձում եք այն, ինչ ցանել եք: Ըստ որում, սա դեռ հունձքն էլ չէ: Դուք այդ բոլոր ու դրանից էլ վատ մեթոդներով, հնարավոր բոլոր կարմիր գծերն ու ռուբիկոններն անցնելով եկել եք իշխանության: Ու դրանից հետո ումի՞ց եք ինչ ակնկալում: Յուրաքանչյուրն, ի վերջո, ստանում է նույնը, ինչ ինքն արել է այլոց հանդեպ:

Իսկ առհասարակ, բարեկամաբար կարելի է ասել՝ պարոն Փաշինյան, հարգելիս, ուղիղ եթերը քո բանը չէ: Քոնը սելֆին ու լայվն են` հեռախոս-տեսախցիկը պահող ձողով: Հա, չմոռանամ նշել, որ վերջում, հնարավոր է, հենց միայն այդ սելֆին ու լայվն էլ քեզ նման: Ասեմ, որ հետո ուղիղ եթերի հեռարձակման տարբերակով չասեն, էլի, թե չեն զգուշացրել:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1442 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am